ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Վերադասավորումներ՝ երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո

Վերադասավորումներ՝ երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո
11.07.2024 | 12:07

Շանհայի համագործակցության կազմակերպության Աստանայի գագաթնաժողովը կարևոր էր նոր աշխարհակարգը պատկերացնելու իմաստով: Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո էլ երեք տասնամյակ ձգվող միջազգային հարաբերությունների վերադասավորումները դեռ հնարավորություն չեն տալիս ակադեմիական քաղաքագիտական կենտրոններում վերջնական եզրահանգումներ անել: 1990-ականներից կիրառվող միաբևեռ կամ հետսառըպատերազմյան հասկացությունները դուրս եկան շրջանառությունից, ՌԴ-ի և Չինաստանի գլոբալ նոր դերակատարումների փոփոխության պատճառով: Վ. Պուտինի վարչակարգը, սկսած 2000-ականների սկզբներից, նորից սկսեց Արևմուտքին հակազդելու քաղաքականությունը, չընդունելով «գունավոր հեղափոխություններով» հակառուսական ռեժիմների հաստատման և հետխորհրդային տարածքում ծավալվելու Բրյուսել-Վաշինգտոն առանցքի ռազմավարությունը: Չինաստանի նման հսկան, պարզ է, նույնպես չէր կարող հանդուրժել միաբևեռայնությունը: Դրանից հետո որոշ մասնագետներ շրջանառության մեջ դրեցին «Բազմաբևեռ աշխարհակարգ՝ միաբևեռայնությամբ» թեզը, որի նպատակը, ամեն դեպքում, ԱՄՆ-ի, որպես միակ գերտերության, կարգավիճակի ամրագրումն է: Սակայն պատերազմը Ուկրաինայում, Շանհայի կազմակերպության և ԲՐԻՔՍ միավորման ընդլայնումը հուշում են, որ միջազգային կարգը կրկին ստանում է երկբևեռայնության երանգներ, որի արտահայտությունն էր Աստանայի գագաթնաժողովը: Առայժմ երևում է մի բևեռում հավաքական Արևմուտք-ՆԱՏՕ-ն և նրանց ազդեցության ոլորտում գտնվող երկրները (Ճապոնիա, Հարավային Կորեա և այլն), մյուս բևեռում ՌԴ, Չինաստան, Իրան, ԿԺԴՀ, հետխորհրդային կենտրոնասիական պետություններ և նրանց հետ համագործակցային ձևաչափով՝ Հնդկաստան: Ինչպես երևում է, երկու բևեռներն էլ բազմահարկ են և իրենց ներսում նույնպես ունեն ուժային բաղադրիչներ, իրենց առանձնահատուկ գլոբալ և ռեգիոնալ շահերով ու պահանջներով, որոնք հաճախ չեն համընկնում: Չեմ կարող ասել՝ այս միջազգային կարգը կլինի՞ երկարակյաց, թե՞ նորից կենթարկվի նոր փոփոխությունների «երրորդ աշխարհամարտի» ավարտից հետո, բայց համաշխարհային ուժային կենտրոնների ներկա իրավիճակը բնութագրելու համար առաջարկում եմ «բազմակողմ երկբևեռայնությամբ աշխարհակարգ» եզրույթը:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 13003

Մեկնաբանություններ